Գրիգոր Շիրխանյան
ՆՈՐՇԵՆԻ ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆՆԵՐ

…Բեքիր փաշեն կանգնեցնում է իր զինված ջոկատներին վարդապետի ընդարձակ կալը, իսկ ինքը ներս է մտնում վարդապետի կահավորված սենյակը: Այնտեղ ներկա էր նաև գյուղի տանուտերը՝ Ալմասենց Մատոն` մի բոյով, լայնաթիկունք, երկար ու շեկ բեղերով ու ունքերով, փափախը գլխին կապտաչյա մարդ: Նա հագնում էր պոլսական կոստյում և ժիլետ: Մատոն բեկի հետ խոսում էր Պոլսի թուրքերենով։ Բեքիր փաշեն հետաքրքրվեց Մատոյի լեզվով և հարցրեց․ — Որտեղի՞ց ես սովորել այդ լեզուն։ Մատոն պատասխանեց․ — Մեծ փաշան ապրած կենա, ես 1880թ․ Պոլսում մի բեկի մոտ աշխատում էի խոհարար և մնացի հինգ տարի: Այդ բեկն իր տան առաջ մի պարտեզ ուներ: Ուներ մի աղջիկ ու տղա, որոնց ես էի խաղացնում: Տղան երկու տարեկան էր, միշտ իմ գիրկս էր, և նրան ես խոսել սովորեցրի և այդպես այնտեղի լեզուն սովորեցի։ Փաշան հետաքրքրվեց և ասաց․ — Տղայի անունը ի՞նչ էր։ Մատոն պատասխանեց․ — Սիրելի փաշա, տղայի անունը Բեքիր էր։


Հարություն Հակոբյան
ԱԽԱԼՑԽԱ. ԷՐԶՐՈՒՄՅԱՆ ԳԱՂԹԻՑ ՄԻՆՉԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Այս աշխատանքիս նպատակն այն է, որպեսզի ախալցիխեցիներին որոշ տեղեկություններ տամ մեր էրզրումյան պատմությունից, որն ընդգրկում է 165 տարի, սկսած 1830 թվականից մինչեւ 1995 թվականը: Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում շատ է բռնել գաղթի ճանապարհը, եղել հայրենաթող, շատ է տեսել դժվարություններ, սակայն չի վհատվել, չի կորցրել իրեն, գտել է ելքը ու շարունակել ճանապարհը: Նույն իր աշխատասիրությամբ ու հնարամտությամբ ստեղծել է այն բոլորը, ինչն անհրաժեշտ է դժվարությունից դուրս գալու համար, չկորցնելով իր լեզուն ե հավատը, ստեղծել է իր ազգին հատուկ պատմություն: Իսկ եթե ժողովուրդը չի հանում պատմություն մութ էջերից իր անցած ուղին, չի գրի առնում իր պատմությունը, նա կմատնվի մոռացության:


Սամվել Կարապետյան
ԱԽԱԼՑԽԱ

Փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված են պատմական Հայաստանի հյուսիսային սահմանագլխին` հայ-վրացական շփման գոտում գտնվող Ախալցխա «Սամցխե» նահանգի բնակավայրերի պատմությունը եւ պատմական հուշարձանները: Առանձնահատուկ տեղ է հատկացված երկրամասում պահպանված հայերեն վիմագրերի վերծանություններին: Հասցեագրվում է հայ եւ վրաց ժողովուրդների պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվողներին եւ ընթերցող լայն հասարակությանը: 

На основе комплексного исследования представлена история расположенной на северной границе исторической Армении — в зоне армяно-грузинских контактов-области Ахалцих (Самцхе) и ее исторических памятников. Особое место в исследовании отведено дешифровке сохранившихся на этой территории армянских лапидарных надписей.  Книга предпослана лицам, интересующимся историей и культурой армянского и грузинского народов, а также широкому кругу читателей.


Սամվել Կարապետյան
ԱԽԱԼՑԽԱ → ԾՂԱԼԹԲԻԼԱ

Տեղադրություն. գտնվում է Ախալցխայից ուղիղ գծով 12 կմ հարավ-արևմուտք` Փոցխով գետի աջ ափից 1,5-2 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 1240-1350 մ բարձրության վրա. «Ծղարտբիլայ Ախալցխայի հարաւ-արեւմտեան կողմը կիյնայ, եւ հետիոտս չորս ժամ հեռաւորութիւն ունի քաղքէն: Գիւղս շինուած է ցած բլրակներու վրայ, առաջակողմն ունի դաշտագետիններ` ցորենի եւ գարւոյ արտեր, իսկ կռնակը կը բարձրանան անտառաշատ լեռնակներ…»

Կառուցապատում. գյուղն ունի բավականաչափ խիտ կառուցապատում և չնայած դրան` հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ ձգվում է մինչև 2 կմ, իսկ լայնությամբ կազմում է շուրջ 1 կմ:

Բնակչություն. գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1830 թ. փոխադրվել են Կարնո գավառի Նորշեն գյուղից:


Սամվել Կարապետյան
ԱԽԱԼՑԽԱ → ԾԻՆՈՒԲԱՆ

Տեղադրություն. գտնվում է Ախալցխայից ուղիղ գծով 9,5 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1300-1370 մ բարձրության վրա:

Պատմություն. գյուղի պատմության նոր, այն է` ԺԹ դարի ընթացքում տեղի ունեցած որոշ անցքերի վերաբերյալ տեղեկություններ ենք գտնում ժամանակի մամուլի էջերում. «…բաղկացած է 45 տաճիկ ընտանիքներից, որոց առաջ վրացի լինելուն ապացոյց, ինչպէս նաև այս կողմերու միւս շատ գիւղերու բնակիչներին, այն է որ նոքա մինչև հիմայ խօսում են ըստ մեծի մասին վրացերէն, որ Ծնիպանի մէջ կան մի քանի բակերում թաղուած գինու ահագին կարասներ….»

Բնակչություն. ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Կարինի Արծաթի և Կամպիր գյուղերից, այլ վկայության համաձայն` նաև Ղարակեպակ գյուղից:


Սամվել Կարապետյան
ԱԽԱԼՑԽԱ → ՆԱՈԽՐԵԲ (ՄՈԽՐԵԲ)

Տեղադրություն. գտնվում է Ախալցխայից ուղիղ գծով 11 կմ հարավ-արևմուտք` մեղմ թեքությամբ արևմտահայաց սարահարթին, ծովի մակերևույթից 1130-1240 մ բարձրության վրա:

Բնակչություն. «Մօխրէպի բնակիչք Կամպերցի եւ Ղարագիւղցի են, եւ ամբողջը Կթղ. Հայ…»: Ավանդաբար վկայվել է, որ գյուղի ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Կարինի Արծաթի , Կամպիր, Ղարակեպակ և Հինձք գյուղերից :

Ազգատոհմեր. հայտնի է, որ Պապոյենք կամ­պիր­­ցիներ են, Փիլոսենք, Ղազարենք և Մելքոնենք` ար­ծաթ­ցի­ներ, Ղևենենք` ղարակեպակցիներ, իսկ Նա­­զարեթենք և Փաշենք` հինձքցիներ:

Սբ. Փրկիչ եկեղեցի. կառուցվել է 1869 թ.:1901 թ. եկեղեցու շենքն արդեն վտանգավոր կերպով խախտված էր:


Սամվել Կարապետյան
ԱԽԱԼՑԽԱ → ԱԲԱԹԽԵՒ

Տեղադրություն. գտնվում է Ախալցխայից ուղիղ գծով 10 կմ հարավ-արևմուտք` ծովի մակերևույթից 1280-1360 մ բարձրության վրա, արևմտահայաց լեռնալանջին:

Բնակչություն. 1830 թ. Սիմոն քահանա Սիմոնյանի գլխավորությամբ Կարինի Խաշուտ գյուղից երեք տոհմի (Գոգորենք, Յադոյենք, Սիմոնենք) 50 անձ բնակություն է հաստատում Աբաթխևում: Այլ տեղեկության համաձայն` 1830 թ. գյուղում բնակություն են հաստատել 5 տոհմի ներկայացուցիչներ:

Դպրոց. 1850 թ. վարդապետ Գրիգոր Մարգարի Սահարյանի (ավարտել է Վիեննայի Մխիթարյան միաբանության ճեմարանը) նախաձեռնությամբ գյուղում բացվում է մասնավոր դպրոց:

Սբ. Խաչ եկեղեցի. գտնվում է գյուղի արևելյան եզրին` արևմտահայաց թեք սարալանջին: Ունի բարձր և իշխող դիրք: Կառուցվել է 1870 թ.:


Սամվել Կարապետյան
ՋԱՎԱԽՔ

Աշխատությունը ներկայացնում է երկրամասի շուրջ 100 բնակավայրերի պատմությունը: Առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում Ջավախքի վիմագրերը` անկախ լեզվական պատկանելությունից:

Սկսած 1988 թ-ից` «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպությունը մի շարք գիտարշավների շնորհիվ իրականացրել է Ջավախքի պատմական հուշարձանների ուսումնասիրությունները, որոնք, լրացվելով դիվանական և գրադարանային տևական աշխատանքի շնորհիվ հավաքված անհրաժեշտ տվյալներով, հնարավորություն ընձեռեցին ձեռնամուխ լինել ներկայացվող աշխատության ստեղծման գործին: Մենք այսու նպատակադրվել ենք ներկայացնել երկրամասի պատմությունն ու մշակութային արժեքները լուսաբանող առավել ամբողջական և համապարփակ ուսումնասիրություն: